Օդի Տատանումներ

Իմ հոդվածը «ԵՐԵՎԱՆ» ամսագրում «Կովկասյան հաճախականություններ» փոդքասթի և ձայնի հետ աշխատելու առանձնահատկությունների մասին:

Օդի տատանումներ

Ի՞նչ պետք է իմանա սկսնակ փոդքաստերը ձայնի մասին: Էքսպերիմենտալ երաժիշտ և հնչունային ռեժիսոր Կայ Խաչատրյանի հետ խոսեցինք «Կովկասյան  հաճախականություններ» փոդքաստի, ձայնի հետ աշխատելու առանձնահատկությունների մասին, մի քիչ էլ` ֆիզիկայից։

Կովկասյան հաճախականություններ

Օրերից մի օր ֆրանսիացի կինոռեժիսոր և ձայնի ուսումնասիրող Վինսենթ Մունը սկսեց ճանապարհորդել տարբեր երկրներով և ձայնագրել այդ տեղերի ազգային երաժշտությունը: Նմանատիպ գործունեությունն ընդունված է անվանել փանք էթնոգրաֆիա, երբ ձայնի ու երաժշտության հետազոտմամբ զբաղվում են ոչ մասնագետները։ Մոտավորապես նույն ժամանակ իմ ծանոթները Նալչիկ քաղաքից սկսեցին չեչենական և չերքեզական ժողովրդական երգերը ձայնագրել իրենց Ored Recordings լեյբլով: Այս ամենից ոգևորված ամերիկացի Բեն Վիլերը Վրաստանում կազմակերպեց Caucasian All Frequency փառատոնը, որի հիմքում ֆոլքի և էքսպերիմենտալ երաժշտության համատեղումն է: Այնտեղ էլ ծանոթացանք Բենի հետ, ընկերացանք և որոշեցինք մեր փոդքասթն անել:

Այս պահին օրինակներ ենք անում՝ միքսում ենք հայկական և կովկասյան էթնիկ երաժշտությունը: Հետագայում մեր փոդքաստի շրջանակում ձայնագրելու ենք հարսանեկան, աշխատանքային և ժողովրդական երգեր: Իմ պատկերացմամբ՝ վերջինի մասով կգնանք գյուղ, հարց ու փորձ կանենք մարդկանց, երգիչ կգտնենք և կձայնագրենք:

Մեր փոդքաստն արդեն երկու էպիզոդ ունի, առաջինը վերաբերում է հոգևոր երաժշտությանը: Այս մեկի համար Ծաղկաձորում պատարագ ձայնագրեցի, իսկ մնացածը Բենն էր ձայնագրել ադրբեջանական և վրացական գյուղերում: Երկրորդ էպիզոդում արդեն պատրաստի աշխատանքներ էին, քանի որ այն վերաբերում էր ֆոլք և էքպսերիմենտալ ժանրերի միավորմանը: Հենց մեր փոդքաստի ֆորմատի դեպքում որակն առաջնային չէ, քանի որ ուզում ենք ձայնի իրական տարբերակը ստանալ: Մեզ պետք է հենց այդ իսկականը, տեղում ձայնագրած, այն, ինչ մենք իրականում լսել ենք հենց այդ պահին: Սա է մեր փոդքաստի բուն իմաստը: Երբ ձայնագրում ես դաշտում աշխատող մարդու երգելը, այդ դաշտի ձայները նույնպես պետք է լինեն: Կամ, օրինակ՝ եկեղեցում բավական աղմկոտ է լինում, բայց դու չես կարող եկեղեցական երգեցողությունը ստուդիայի տարբերակով ձայնագրել, կամ եկեղեցում ձայնագրես առանց մարդկանց աղմուկի: Այս դեպքում աղմուկը քեզ տանում է, դարձնում այդ ամենի մի մասը: Դու արդեն այնտեղ ես:

Անտեսանելի տատանումներ

Առաջին հերթին պետք է հասկանալ, որ ձայնը տատանվում է: Օդի տատանում, որը  տարածվում է լույսի պես, պարզապես ի տարբերություն լույսի` այն անտեսանելի է: Ֆիզիկայում կա «ռեվերբերացիա» հասկացությունը. երբ պատերը չոր են, խոսելիս ձայնդ անդրադառնում է պատերից, և խոսքի պոչը երկարում է: Պետք է գնալ մի տեղ, որտեղ ձայնը կգնա կմարի և հետ չի վերադառնա, կամ կվերադառնա, բայց շատ թույլ:  Մեկ այլ կարևոր կետ է ձայնի հաճախականությունները՝ բարձր, ցածր, միջին: Օրինակ՝ մի բան շեշտելու կամ ազդեցիկ հնչելու համար որոշ հաճախականություններ կարելի է բարձրացնել, բայց այդ ամենը շատ ինդիվիդուալ է: Կա նաև «կոմպրեսոր» հասկացությունը: Այն ձայնն ավելի հստակ է դարձնում: Եթե խոսելիս շատ ես գլուխդ այս ու այն կողմ արել ու ձայնը բարձրացել-իջել է, կոմպրեսորի օգնությամբ կարելի է հավասարեցնել ձայնը: Տեխնիկական տեսանկյունից, օրինակ, Noise gate սարքավորումը թույլ է տալիս կտրել ամենացածր աղմուկները: Էդիթինգի համար Sony Sound Forge ծրագրով շատ հեշտ է աշխատել: Պետք է մի քիչ սովորեցնող վիդեոներ նայել ծրագրի մասին, մի քիչ ձայնի ֆիզիկան ուսումնասիրել, իսկ մնացածն արդեն քո մտահղացումն է:

Պատերի ձայնը

Աշխատանքի բերումով Հայաստանի և Արցախի տարբեր եկեղեցիներում ձայնագրություններ եմ արել: Ակուստիկական տարբերություններն ակնհայտ էին: Կրկին ռեվերբերացիայի հարցն է: Եթե խոսքի դեպքում այն կարևոր չէ, ապա երգեցողության դեպքում այն պիտի ավելի գեղեցիկ հնչի և հին եկեղեցիներում ակուստիկան հրաշալի է, ձայնն ավելի երկար ու ազդեցիկ է հնչում: Նոր եկեղեցիներում նույնը չես զգա, կառուցման համար օգտագործված քարերը շատ հարթ են, ռելիեֆ չունեն և միայն անդրադարձնում են, իսկ հին եկեղեցիներում այդ փոսիկներ ունեցող քարերը ոչ միայն անդրադարձնում, այլ նաև կլանում  և հավասարաչափ տարածում են ձայնը, և ամեն մի անկյունում կանգնելիս, ձայնագրելիս կարելի է յուրահատուկ ձայն ստանալ:

Պահարան կամ վրան

Ամենակարևորը ցանկությունն է: Եթե չունես միկրոֆոն, կարելի է ձայնագրել համակարգչի միկրոֆոնով: Օրինակ՝ առաջին փոդքաստը Ծաղկաձորում ենք ձայնագրել, հյուրանոցի համարում, քանի որ ստուդիա չկար և պետք էր մաքուր հեղինակի ձայն լիներ: Տեղաշորն էի բարձրացրել, կտորներով ծածկվել էի, կարելի է ասել՝ վրան էի ստեղծել և այնտեղից էի խոսում, որ ձայնս հստակ հնչի: Մեկ այլ լավ տարբերակ է մտնել զգեստապահարան` այնտեղի ակուստիկան ևս շատ լավն է: Սիրողական ռեպերների տեխնիկան է: Կարելի է նաև հեռախոսով ձայնագրել, պարզապես պիտի լուռ լինի ու զրգնոց չլինի: Youtube-ով սովորեցնող դասընթացներ է պետք նայել, մշակել ձայնագրությունը, մաքրել ձայնը, էֆեկտներ ավելացնել: Այո, այդ ամենը կարելի է անել տնային պայմաններում։ 

Կախված ժանրից՝ լինում է, որ հարցազրույց ես վերցնում, և այդ դեպքում  կարևոր է տվյալ միջավայրի ձայներն էլ ունենալ, ինչպես, օրինակ՝ մեր փոդքաստի դեպքում: Պատկերացրու ֆուտբոլային դաշտում ֆուտբոլասեր մարդու հետ խոսում ես ֆուտբոլի մասին, միանշանակ պետք է այնտեղի կողմնակի ձայները նույնպես լինեն: Բնականաբար խոսացողների ձայները պետք է ավելի բարձր լինեն, քան շրջակա միջավայրի ձայները, բայց այն էլ է պարտադիր:

Երաժշտական անցումները ևս «էքշն» ստեղծելու ձև են ազդեցիկ թվալու համար, բայց ես անձամբ դրա կողմնակիցը չեմ: Ըստ իս, խոսքի հետ գնացող ֆոնային երաժշտությունը հաճախ խանգարում ու շեղում է բուն խոսքից: Բայց եթե, միևնույն է, որոշել եք անել, ապա խմբագրման ժամանակ  ձեր խոսքի ձայնագրության վրա շատ ցածր դրեք էֆեկտներն ու ֆոնային երաժշտությունը: Ռադիոյի և փոդքաստի դեպքում պետք է շատ փափուկ ակուստիկական միջավայր, շատ մոտ պահած միկրոֆոն, որ ականջակալներով լսես ու մոտ լինի ձայնը, ազդեցիկ, ցանկանաս անընդհատ լսել: Խոսացողի ձայնից էլ է շատ բան կախված` կլսես դու այդ փոդքաստը, թե ոչ. ես, օրինակ, պիտի մարդու ձայնը հավանեմ, որ լսեմ:

Իրական լավ փոդքաստներ երբ լսում ենք, հիմնականում մի ամբողջ խումբ է այդտեղ աշխատում՝ առանձին ձայնային ինժեներ, ձայնային դիզայներ, նաև որակյալ ստուդիայում են դա անում: Հայկական փոդքաստներ լսել եմ, լավ են արված, սառնարանի ձայնն իհարկե գալիս է, բայց դա էլ խոհանոցային խոսակցության միջավայր է ստեղծում: Գարեջուր են խմում, սեղանին դրվող գավաթի ձայնն ես լսում, և արդեն իրենց հետ նստած ես այդ խոհանոցում: